Նախագահական ընտրություններում ընդդիմության միասնաբար մասնակցության շուրջ հստակ դիրքորոշում դեռ չկա: Բայց դա օրերի ու շաբաթների հարց կլինի այն բանից հետո, երբ բանակցություններն ավարտվեն և որոշումներ կայացվեն այս կամ այն թեկնածությունների վերաբերյալ: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում այս մասին ասել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: «Իշխանությունը հատկապես կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո բավական ամրապնդվել է, և այս վիճակից դուրս գալու միակ ելքը ուժերը համատեղելը և միասին ընտրություններին մասնակցելն է: ԲՀԿ-ի, ինչու չէ, «Ժառանգության» և Դաշնակցության հետ կարելի է գալ ընդհանուր որոշման և գնալ ընտրությունների»,- ասել է ՀԱԿ անդամը և հավելել, որ երբ հանգեն ընդհանուր մոտեցումների, մյուս բոլոր հարցերը հեշտորեն կլուծվեն:
Վլադիմիր Կարապետյանը չի բացառել, որ հնարավոր է չլինի միասնական թեկնածու, բայց իշխանությունը մտահոգությունների առիթ ունի, և ընդդիմության բանակցությունների շուրջ բազում բացասական կարծիքներ է արտահայտում` փորձելով թույլ չտալ ընդդիմությանը միավորվել և վիճակ փոխել:
Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի աղմկահարույց դասագրքին` ասելով, թե այն ծայրից ծայր «կեղծված փաստաթուղթ է»:
Բանախոսը բոլոր խնդիրների լուծումը համարել է միասնական օրակարգի ձևավորումը: Նա նաև նշել է, թե Հայաստանի հեղինակությունը գնալով անկում է ապրում. «Այս տարի որևէ երկրի նախագահ չի եկել մեր երկիր. պատկերացնո՞ւմ եք, երկիր, որտեղ այլ պետության ղեկավար չգա»:
Պատասխանելով այն հարցին, թե ձևավորվել է կարծիք, որ Հայաստանում նախագահ ոչ թե ընտրում են, այլ նշանակվում են դրսից, Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Միջազգային որևէ կառույց ու պետություն լծակ չունի ընտրությունների վրա ազդելու, պարզապես կարող է կարծիք ձևավորել»:











































