Սինգապուրի իշխանությունները փողոցներ են դուրս բերել հատուկ նշանակության ոստիկանական ջոկատներ` ի պատասխան վերջին երեք տասնամյակում տեղի ունեցած առաջին գործադուլի և սպառնացել են կոշտ միջոցների դիմել, եթե բողոքի ակցիան անմիջապես չդադարեցվի:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, աշխարհի ցանկացած մեկ այլ երկրում ավտոբուսների 117 վարորդների մասնակցությամբ գործադուլը կհամարվեր նվազագույն նշանակությամբ անցողիկ իրադարձություն: Սակայն Սինգապուրը նման ելույթ չէր տեսել 1986 թվականից ի վեր, երբ փողոցներ դուրս եկան դոկերները: Հանրապետության իշխող կուսակցությունն իշխանության ղեկին է 1959թ. և չի ողջունում իր քաղաքականության հետ չհամաձայնվող ելույթները:
Չինաստանից Սինգապուր ներգաղթած վարորդները պահանջում էին հավասարեցնել իրենց աշխատավարձը մալայզիացիների աշխատավարձին, որոնք աշխատում են տրանսպորտային նույն ընկերությունում (SMRT Corp Ltd), սակայն ավելի շատ են վարձատրվում:
Փորձագետների կարծիքով՝ երկար տարիներ անց Սինգապուրում տեղի ունեցած այս գործադուլը վկայում է հասարակության մեջ առկա տարաձայնությունների մասին:









































