Gmail փոստային համակարգի օգտատերերը կկարողանան մինչև 10 Գբայթ ծավալով կցված ֆայլերով նամակներ ուղարկել, եթե այդ ֆայլերը նախապես ներբեռնվել են Google Drive տվյալների պահպանման «ամպային» համակարգ,- հաղորդում է Gmail-ի պաշտոնական բլոգը:
Այսուհետ Gmail փոստային համակարգի օգտատերերը կկարողանան նամակին ֆայլեր կցել անմիջապես Google Drive-ից՝ առանց Gmail-ի իրենց հաշվից դուրս գալու: Այս ֆայլերի ծավալը կարող է հասնել մինչև 10 Գբայթի: Google-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 400 անգամ գերազանցում է ներդրված ֆայլերի առավելագույն ծավալը:
Նշվում է սակայն, որ նման ծավալով նյութեր կցելու համար անհրաժեշտ է ունենալ Google Drive-ի վճարովի հաշիվ:
Մինչև 10 Գբայթ ծավալով կցված ֆայլեր ուղարկելու հնարավորությունն առավելապես կհետաքրքրի Google-ի բիզնես-օգտատերերին: Ծառայությունը հասանելի կլինի մոտակա օրերին Google փոստային համակարգի այն օգտատերերի համար, որոնք թարմացրել են ինտերֆեյսը:
Google Drive «ամպային» համակարգը թողարկվել է 2012 թ. ապրիլին: Համակարգի հետ աշխատանքը հնարավոր է ինչպես դիտարկիչի, այնպես էլ Windows-ի, Mac OS X-ի, Android-ի և iOS-ի համար նախատեսված հատուկ հավելվածների միջոցով:










































