Kroll Associates ընկերության անկախ աուդիտորները, որոնք ստուգումներ են անցկացրել Աֆղանստանի խոշորագույն՝ «Քաբուլ» բանկում, հայտնաբերել են 900 մլն դոլարի խաբեության դեպքեր բանկի կողմից: Տվյալ խաբեությանը, նրանց կարծիքով, կարող է առնչություն ունենալ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայրը՝ Մահմուդը: Այս մասին գրում է New York Times-ը, որի մոտ են հայտնվել աուդիտորների հաշվարկները:
Բանկին ֆինանսական օգնություն էր տրամադրվել արևմտյան երկրների կողմից, սակայն, ինչպես հայտնի է դարձել ստուգումների արդյունքում, վարկերի հիմնական մասը տրվել է 19 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնք առնչություն ունեն երկրի բարձրագույն քաղաքական էլիտայի հետ:
Նրանց թվում է եղել նաև Մահմուդ Քարզայը, որը, սակայն, ամբողջությամբ հերքում է իր մասնակցությունը կոռուպցիոն սխեմային:
Էլիտայի 19 ներկայացուցիչները վարկեր են ստացել գոյություն չունեցող ընկերությունների կողմից:
«Քաբուլ» բանկի մեղադրյալների թվում են բանկի հիմնադիր Շերհան Ֆարնուդն ու նախկին գլխավոր տնօրեն Հալիլուլլա Ֆերոզին:








































