Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Մի շարք երկրներ չեն ցանկանում Կովկասի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատում, որպեսզի դրանով իսկ իրականացնեն իրենց քաղաքականությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Ղարաբաղյան հակամարտությունը ցայժմ մնում է չլուծված:
Անընդունելի է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն 20 տարուց ավելի է, ինչ չի ստացել իր կարգավորումը: Այդ խնդրի լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր ջանքերը: Միջազգային հանրությունը, որը ողջ աշխարհում քարոզում է մարդու իրավունքների մասին, առաջին հերթին պետք է ուշադրություն հատկացնի Ղարաբաղյան հակամարտությանը և ջանքեր գործադրի դրա լուծման համար:
Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ և անփոփոխ է: Տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար Հայաստանը պետք է անպայմանորեն ազատի ադրբեջանական տարածքները»:










































