Գիտնականներին հայտնի է դարձել Կանադայում 21-րդ դարի սկզբին արևմտյան որոշ շրջաններում անսպասելի տաքացման պատճառը:
Պարզվում է՝ պատճառը կեղևակեր բզեզների անսովոր մեծ տարածվածությունն է եղել, որոնք ոչնչացրել են անտառային զանգվածի զգալի մասը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հետազոտողներն այդ մասին գրել են Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում:
Հայտնի է, որ ածխաթթվի ու ջերմոցային այլ գազերի արտանետումը, ինչպես նաև անտառների հատումը ու մարդկային գործունեության այլ հետևանքներ հանգեցնում են կլիմայի փոփոխության: Մասնավորապես Կանադայի արևմտյան ու հյուսիսային շրջանում ջերմաստիճանի 1 աստիճանով բարձրացումը (ըստ Ցելսիուսի) պայմանավորում էին այդ գործընթացում հատկապես մարդու ներդրմամբ:
Բերկլիի համալսարանից բնապահպանների խումբը` Հոլլի Մանեսի գլխավորությամբ, պարզել է, որ դա այդքան էլ այդպես չէ: Ուսումնասիրելով վերջին մի քանի սեզոններում կանադական անտառների արբանյակային լուսանկարները` նրանք պարզել են, որ վերջին տասնամյակներում Կանադայի արևմտյան նահանգներում ու Բրիտանական Կոլումբիայում անտառները ենթարկվում են Dendroctonus ponderosae կեղևակեր բզեզների զանգվածային գրոհին:
Նորմալ պայմաններում այդ բզեզները խաղում են անտառների սանիտարների դեր՝ ոչնչացնելով թույլ ու հիվանդ ծառերը, սակայն վերջին տարիներին դրանց պոպուլյացիան չափազանց մեծացել է մեղմ ձմեռվա ու ամառային չոր ամիսների պատճառով, ինչի հետևանքով բզեզները սկսեցին ոչնչացնել նաև անտառի առողջ հատվածները:
Մանեսն ու նրա գործընկերները «հարձակումների» հետևանքները գնահատել էին լուսանկարների օգնությամբ, որոնք արվել են 2000-2010թթ. MODIS արբանյակի կողմից: Գիտնականները պարզել են, որ ցերեկային ժամերին առավել բարձր ջերմաստիճան է դիտվել անտառների այն հատվածներում, որոնցում գրեթե բոլոր ծառերը ոչնչացվել են Dendroctonus ponderosae-ի գաղութների կողմից:
Բնապահպանների խոսքով՝ այդ ֆենոմենը հնարավոր է բացատրել նրանով, որ անտառները «սառեցնում են» հողը՝ մթնոլորտ արտանետելով ջրի մոլեկուլներ ու այլ թռչող նյութեր, որոնք կլանում են արևային էներգիայի մի մասը ու թույլ չեն տալիս, որ հողը տաքանա: Մինչդեռ կեղևակեր բզեզների ոչնչացրած մեռած ծառերը գոլորշի են արտանետում մթնոլորտ, ինչի պատճառով էլ ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է:










































