ՍԴՀԿ-ից հեռացված շիրխանյանական թեւը որոշել է նոր կուսակցություն գրանցել: Ընդ որում, նոր կուսակցությունը գրանցում են գրեթե նոր անունով` Հնչակյան սոցիալ դեմոկրատ կուսակցություն` ՀՍԴԿ: «Հնչակյան կուսակցությունը, ժողովներ անցկացնելով իր մասնաճյուղերում, լսելով շարքային անդամների տեսակետները, եկել է հավաքական որոշման` այն է գնալ իրավաբանական նոր գրանցման և դեկտեմբերի առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում հրավիրել համագումար: Կուսակցությունը, հասկանալով իրավաբանական առանձնահատկությունները, պատրաստվում է նոր գրանցումը ձևակերպել իբրև Հնչակյան սոցիալ դեմոկրատ կուսակցություն:
Միևնույն ժամանակ, կուսակցությունը շարունակում է մնալ համասփյուռ Հնչակյան ընտանիքի լիիրավ անդամ և ունի Հայաստանի ներկայացուցիչը Կեդրոնական Վարչությունում` ի դեմս ընկ. Վահան Շիրխանյանի»,- ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, շիրխանյանական թեւը նշում է նաեւ. «Կուսակցությունը նաև վստահ է, որ ՀԱԿ-ի հովանավորյալ, աշխարհասփյուռ և Հայաստանի հնչակյանության կողմից մերժված Լյուդմիլա Սարգսյան կոչվող անձն ապօրինաբար և անարժանաբար է կրում հնչակյան անվանումը և վաղ թե ուշ անցնելու է պատմության անդունդը` կրելով դավաճանի պիտակ:
Կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը շարունակելու է` հանուն ազգային և ընկերային գաղափարների իրականացման»: