Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի ևս մեկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր լքել է խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության շարքերը: Խոսքը Ծալկայից ընտրված պատգամավոր Ռևազ Շավլոխաշվիլիի մասին է:
Խորհրդարանական փոքրամասնությունից դուրս գալու մասին պատգամավորի հայտարարությունն ընթերցվել է խորհրդարանի բյուրոյում: Պատգամավորը մտադիր է մտնել անկախների, անկուսակցական մեծամասնականների ձևավորած խմբակցության մեջ:
Ավելի վաղ խորհրդարանական փոքրամասնության շարքերը լքել և տվյալ խմբակցությունն էին կազմավորել պատգամավորներ Գոգի Լիպարտելիանին, Կախա Օկրիաշվիլին, Գոդերձի Բուկիան, Հենզել Մկոյանը, Սերգո Խաբուլիանին:
Խորհրդարանական փոքրամասնությունը հայտարարել է, որ իշխանություններն իրենց կողմ են հրապուրում իրենց մեծամասնական պատգամավորներին՝ խոստանալով նրանց շրջաններին օգնություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը 150-հոգանոց խորհրդարանում ունի 85 մանդատ և շարունակ քայլեր է ձեռնարկում սահմանադրական մեծամասնության (100 մանդատ) ապահովման ուղղությամբ, ինչը պետք կգա մի շարք հարցերում, ինչպիսիք են, օրինակ, խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելը, կամ էլ, ասենք, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելը:







































