Նոյեմբերի 26-ին Պարագվայի նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն հայտարարել է, որ իր երկրի տարածքում՝ Չակո կիսաանապատային գոտում, հայտնաբերվել է նավթահանք: Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, տասնամյակներ շարունակ լատինաամերիկյան այս պետությունը փորձում էր գտնել սև ոսկու հանքավայր, սակայն ապարդյուն:
Նախագահի խոսքերով՝ երկրաբանների կողմից հայտնաբերված նավթը «լավ որակի է» և «բավարար քանակությամբ»:
«Պարագվայը կլինի ոչ միայն մաքուր և վերականգնվող հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության համաշխարհային առաջատար, այլև աստիճանաբար կդառնա ածխաջրածիններ արտադրող երկիր»,- հայտարարել է Ֆեդերիկո Ֆրանկոն:
Պարագվայի համար սեփական նավթահանքի հայտնաբերումը կնշանակի հարևան երկրներից էներգետիկ կախվածության ժամանակաշրջանի ավարտ:
Նշենք, որ Չակո կիսանապատային շրջանի համար Պարագվայը 1930-ական թվականներին պատերազմել է Բոլիվիայի դեմ:
20-րդ դարում Լատինական Ամերիկայի պատմության մեջ ամենաարյունալի հակամարտության պատճառը տարածաշրջանի նավթային հարստությունների մասին շշուկներն էին: Ի հիասթափություն հակամարտությունում հաղթանակ տարած պարագվայցիների՝ կիսաանապտում սև ոսկի չհայտնաբերվեց մինչև 2012 թ.:







































