Օհայո նահանգի բնակչուհին, որը ներխուժել էր ուրիշի տուն և մաքրել այն, դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես պատմել է Էլիրիա քաղաքի բնակչուհի, 53-ամյա Սյուզան Ուորենը, մոտենալով տներից մեկին՝ նա «ինչ-որ բան անելու» ցանկություն է ունեցել: Կինը մտել է օտարի տուն, լվացել բաժակները, թափել աղբը, փոշեկուլով մաքրել հատակն ու վերցրել կահույքի փոշին: Հեռանալով՝ Ուորենը անձեռոցիկի վրա 75 դոլարի հաշիվ է գրել և թողել իր հեռախոսահամարը:
Ուորենը տանն է գտնվել ընդամենը 3 ժամ: Այդ ողջ ընթացքում տան տերերը քնած են եղել երկրորդ հարկում:
Ամերիկուհին իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի ներխուժման համար, սակայն ընդգծել է, որ չի ծրագրել որևէ բան գողանալ: Քլիվլենդի դատարանը կնոջը դատապարտել է նաև 20 ժամվա հասարակական աշխատանքի:
Ուորենն ունի շինությունների մաքրման ծառայությունների ֆիրմա: Տեղի մամուլը նշում է, որ նա պարբերաբար մտնում է օտարների տներ, մաքրում, հավաքում տունը և արված աշխատանքի դիմաց հաշիվ թողնում:










































