Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում մտցվել են օտար ներդրումների ներգրավման համար նոր օրենքներ: Այս մասին հայտարարել է Իրանի օտար ներդրումների, տեխնիկական ու տնտեսական օգնության կազմակերպության ղեկավար Բեհրուզ Ալիշերին:
Վերջինիս խոսքերով՝ այսուհետ օտար ներդնողներն ունեն նույնպիսի իրավունքներ, ինչպիսին որ տեղի ներդնողները. «Օտար ներդնողները կարող են ազատորեն արժույթ կամ ապրանք ներկրել՝ ներդրումների իրականացման համար: Հիմնական կապիտալի ազատ շարժը, ինչպես նաև ներդրումից բխող տոկոսները կարող են լինել կա՛մ արժույթի տեսքով, կա՛մ դրան համարժեք ապրանքի տեսքով:
Օտար ներդնողները կարող են միջոցներ ներդնել արտադրության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, ջրի, էներգո-, գազամատակարարման բոլոր ոլորտներում: Նրանք հնարավորություն են ստանում ընկերության անունով հողակտորներ ձևակերպելու, ինչպես նաև իրենց, իրենց հարազատների, ընկերության ղեկավարության ու աշխատակիցների համար երկրում ստանալ երեք տարով բնակվելու իրավունք՝ դրա հետագա երկարաձգման հնարավորությամբ»:











































