Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շաղկապված է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, և Թուրքիան մշտապես ընդգծել է դա: Դրա հետ կապված որևէ փոփոխություն անհնար է Թուրքիայի արտաքին քաղաքականությունում: Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Կովկասն է, իսկ Կովկասի ներսում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Թուրքիան միջազգային կառույցներում եղած բոլոր հանդիպումներում, կոնֆերանսներում մշտապես օրակարգում է պահել այդ հարցը: Ադրբեջանը Թուրքիայի համար բարեկամական ու եղբայրական երկիր է: Հենց այդ պատճառով էլ մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը լինեն ռազմավարական բոլոր ոլորտներում»:
Չիչեքը Բաքու է ժամանել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու, ինչպես նաև մի շարք երկկողմանի հանդիպումներ անցկացնելու համար:











































