Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը սամանային գյուղեր այցի շրջանակում եղավ նաև Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Գյուղապետ Կամո Չոբանյանը նշեց՝ ում էլ հարցնես բոլորը խաղաղություն են ուզում, միայն պատերազմ չլինի: Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց՝ հիմա ոնց պետք է անել, որ խաղաղություն լինի, պետք է շատ կրակել դրանց վրա, երեք անգամ ավելի:
Գյուղապետն իր խոսքում ասաց՝ կարևոր չէ, որ Վերին Կարմիրաղբյուրը սահմանամերձ գյուղերի ցուցակում չէ, սակայն գտնվում է սահմանից 1.5 կմ հեռավորության վրա: «Եթե հնարավորություն կա մեզ ընդգրկեք սահմանամերձ գյուղերի շարքում, որ ազատվենք հարկերից»,- առաջարկեց Կամո Չոբանյանը:
Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղում ժողովուրդ կա, ունեն սպորտային խմբակներ, սակայն գյուղի կուլտուրայի տունը մինչ այժմ չի վերականգնվել: Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նախահաշիվ շենքը վերանորոգելու համար:
Հովիկ Աբրահամյանը նայեց շուրջը և զարմացավ, որ բոլոր կուսակցությունները շենքեր ունեն: Գյուղապետն էլ նշեց, որ գյուղում 1500 ընտրող կա:
Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ գյուղացիներից մեկն ասաց. «Մի անգամ ժողովրդի դրության մեջ մտեք, ժողովուրդը հուսահատված է, իսկ գյուղնախարարը գյուղ չի գալիս»: Հանդիպմանը ներկա գյուղնախարարը շտապեց ասել, որ եկել է, բնակիչն էլ զարմացավ՝ ինչպես է եկել, որ իրեն չեն տեսել: Կանանցից մեկն էլ դիմելով վարչապետին՝ ասաց. «Հարսները ամուսին են ուզում, երեխաներն էլ՝ պապային»:
Գյուղացիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղում արտագաղթ կա, եթե առաջ գնում էին ժամանակավոր, հիմա մշտական են գնում, քանի որ գյուղում ապագա չեն տեսնում: Գյուղապետը նշեց, որ գյուղում արտագաղթը մեծացել է, իսկ վերջին շրջանում էլ սահմանին լարվածություն է նկատվում, որի վկայությունն են պարբերաբար շարունակվող կրակոցները: