Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի բնորոշմամբ՝ Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը գերազանց փուլում է, այսինքն՝ զրոյական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ գյուղնախարարությունը Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարման շրջանում եվրահամայնքից ստացավ 700 հազար դոլար՝ ապահովագրային գործակալություն ստեղծելու համար, բայց, ի զարմանս հանրության, այդ գործակալությունը 3 ամսում սնանկացավ, գումարն էլ անհետացավ: Դրանով ապահովագրական գործակալության գործունեությունը ՀՀ-ում գյուղացու համար վերացավ:
«Դրանից հետո ինչ-որ կոչեր եղան տարբեր կողմերից՝ պարտադիր ապահովագրություն ստեղծելու մասին: Մոռանում են, որ կա միջազգային փորձ, ֆերմերները կարող են իրենք և բաժնետեր լինել ապահովագրական ընկերություններում, ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում է, և իրենք էլ հենց կազմակերպեն այդ գործընթացը: Բարի կամք է պետք, ներգրավել տարբեր ծրագրեր, ՀԲ ռեսուրսները, և մենք կունենանք այդ ապահովագրական գործակալությունները: Սա է հարցի լուծումը, բայց գյուղացին պետք է պարտադիր բաժնետեր լինի»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ այդ խնդիրը կա նաև բանկային համակարգում, որ գյուղացիների համար տարբեր բանկեր վարկեր են ստանում, բայց իրականում այլ բիզնեսի համար են օգտագործում:
Ըստ Բերբերյանի՝ հարկավոր է պիլոտային ծրագիր իրականացնել Շիրակում, Գեղարքունիքում, Արարատում, բաժնետոմսերի միջոցով գյուղացուն ներգրավել այդ գործակալությունների կառավարման մեջ, նաև կարելի է ունենալ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, որը կհետևի գործակալության գործունեությանը:








































