Օրերս Իսպանիայում մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է El País-ը, դրանց նպատակն ԱՊՀ երկրներից կանանց աշխատանքի տեղավորման անվան տակ Իբերյան թերակղզի տեղափոխող և սեքս-ստրկության հանձնող հանցավոր խմբավորման ղեկավարներին հայտնաբերելն էր:
Խմբավորման գործունեությունը սկսվել է 2005 թվականից և տևել է ութ տարի: Ձերբակալվել է գործին մասնակից ավելի քան քսան մարդ, հիմնականում ՌԴ քաղաքացիներ։ Ինչպես նաև փակվել են երեք հասարակաց տներ, առգրավվել են մի քանի սեփական բնակարաններ, բռնագրավվել են 3,5 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք իրեր:
Այս իրադարձությունների հետ կապված՝ իսպանացի մի շարք քաղաքական գործիչների կողմից կրկին բարձրացվել է հնագույն մասնագիտություններից մեկի օրինականացման հարցը:
Շատ երկրների կառավարություններ առաջարկում են պատժել և՛ մարմնավաճառներին, և՛ նրանց ծառայություններից օգտվողներին:
Սակայն կան երկրներ կամ վայրեր, ինչպես օրինակ՝ Հոլանդիան, ամերիկյան Նևադա նահանգը և Գերմանիայի որոշ շրջաններ, որտեղ մարմնավաճառությունն օրինականացված է, ինչը ենթադրում է բժշկական ապահովագրություն և թոշակ այս մասնագիտությամբ զբաղվողների համար: Բացի դրանից պետական գանձարան են մտնում այն գումարները, որոնք նախկինում առանձին մարդկանց գրպաններն էին գնում:
Գոյություն ունի նաև երրորդ ճանապարհ, որով անցել են Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ: Դրանց օրենսդրությունը նախատեսում է պատժել միայն սեքսուալ ծառայությունից օգտվողներին: Եվ վերջապես՝ չորրորդ ճանապարհը Իսպանիայի կառավարության պես ոչինչ չանեն է՝ դրանով իսկ հնարավորություն տալով, որ երկրում կոռուպցիան ներթափանցի նաև մարմնավաճառության ոլորտ:









































