Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի երկու խորհրդականներ`գրող, ղպտիական եկեղեցու ներկայացուցիչ Սամիր Մոկուսը և հրապարակախոս Սաքինա Ֆուադը, հրաժարվել են իրենց պաշտոններից այն բանից հետո, երբ նախագահը փոփոխություններ է մտցրել Սահմանադրության հռչակագրում, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Նախագահի աշխատակազմի երկու նախկին խորհրդականների խոսքերով` իրենք այս քայլին են դիմել, քանի որ չեն ցանկանում մասնակցել հիմնական պետական օրենքի խախտմանը: «Դատելով ընդունված որոշումներից` նախագահը որևէ մեկի խորհրդի կարիքը չունի»,- ընդգծել է Ֆուադը:
Եգիպտոսի սահմանադրական հռչակագրում «ուղղումներ» մտցնելու մասին հաղորդագրությունները բողոքի ալիք են բարձրացրել հասարակության տարբեր շերտերում` բաժանելով այն երկու ճամբարի. մի մասը` առաջին հերթին լիբերալ կուսակցությունները, չեն ցանկանում նման գործողություններ, մյուս մասն էլ կարծում է, որ այս կերպ երկիրն արագ տեմպերով կմոտենա անցումային շրջանի ավարտին:
Մուրսիի որոշման հակառակորդների և կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդրիա քաղաքում, որի հետևանքով վիրավորվել է շուրջ 25 մարդ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հնարավոր է եղել խուսափել բախումներից, իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է անցկացնել «միլիոնների երթ»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին հրապարակել է սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:










































