«Երբ սպառողը դեղը դնում է բերանը, նրա մտքով չպետք է անցնի, որ դեղը անորակ է, թունավոր կամ վտանգավոր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Ներկայում մշակվել է և շուտով կառավարությանը կներկայացվի «Դեղերի մասին» նոր օրենքը: Ըստ Զաքարյանի՝ գործող օրենքը շատ վաղուց՝ 1998թ.-ին է ընդունվել և կարիք ունի համապատասխանեցվելու միջազգային չափանիշներին, որոնք տարեցտարի փոխվում են: Տեղական արտադրողները պետք է ունենան GMP հավաստագրեր՝ եվրոպական երկրներ դեղեր արտահանելու համար: Անցած տարի ստեղծվեց այդ ինստիտուտը, և եթե արտադրողների դեղերը համապատասխանեն միջազգային չափանիշներին, նրանք կարող են հավաստագիր ստանալ:
Ըստ բանախոսի՝ տեղական արտադրողներից երեք կազմակերպություն՝ «Ֆարմատեքը», «Լիքվորը» և «Արփիմեդը», մոտ են հավաստագրման գործընթացն անցնելու: ԱՄՆ ՄԶԳ ծրագրի օժանդակությամբ միջազգային փորձագետներ հրավիրվեցին և իրենց գնահատականները տվեցին` GMP հավաստագրման համար: Զաքարյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից յուրաքանչյուրը կունենա հստակ ժամանակացույց, որպեսզի ուղղվեն թերացումները՝ սենյակների դասավորություն, արկղերի նյութ, օդափոխություն և այլն. «Բոլորին տրվել է երկու-երեք ամիս ժամանակ, որպեսզի այդ թերացումները շտկվեն»:
Ս. Զաքարյանը հայտնեց, որ առաջարկներ են ներկայացրել առողջապահության նախարարություն՝ նոր բարեփոխումների շրջանակներում մի շարք ծրագրեր ներդրնելու ուղղությամբ, մշակվել է մարքեթինգային էթիկայի կանոնակարգ, որը զարգացած երկրներում ընդունված է: Կանոնակարգով սահմանվում են նաև գովազդային գործունեության չափանիշները:
ԴԱՆ միության ղեկավարը կարևորեց գնումների դեպքում տվյալ երկրի և կազմակերպության ներքին կանոնները պահպանելը, որոնք ինչ-որ չափով սահմանափակում են կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես` դեղ արտադրող ընկերության ներկայացուցչին արգելված է բժշկին 100 դոլարից ավելի արժողությամբ նվեր մատուցել, քանի որ դա արդեն կոռուպցիա է դիտվում:
ԴԱՆ միությունը և առողջապահության նախարարությունը համատեղ հանձնաժողով են ստեղծում, որի նախագահը ամեն տարի կփոխվի ու կլինի մեկ` մասնավոր հատվածից, մեկ՝ պետական, և հանձնաժողովը հետամուտ կլինի դեղերի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն: «Կան նման կոռուպցիոն երևույթներ ոչ միայն դեղագործության ոլորտում»,- ասաց Ս. Զաքարյանը:
Միության նախագահի խոսքով` նոր օրենքով դեղ արտադրողներին կարգելվի թանկացնել 15% և դեղատներին՝ 20%-ից ավելի: Ցուցակի և գնային փոփոխությունների նախագիծը քննարկման փուլում է:
Նշենք, որ ՀՀ-ում կան 12 դեղարտադրողներ, օտարերկրյա ներկայացուցիչները 30-ից ավելի են, մեր արտադրանքի 50%-ը արտահանվում է ԱՊՀ երկրներ:








































