Միխայիլ Բաղդասարովը վաճառքի է հանել Armavia ավիաընկերությունը,- հաղորդում է RBK Daily-ին: Գործարարը նախատեսում է գործարքն ավարտել 2-3 շաբաթվա ընթացքում:
Բաղդասարովը նշել է, որ ավիաընկերության վաճառքի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է և ռուսական նորագույն SuperJet ինքնաթիռի շահագործման պատճառով հասցված վնասները:
«Հավակնորդների մեջ չկան ռուս ներդրողներ, բայց կան իտալացիներ, գնորդներ Արևելքից»,- ասել է նա պարբերականին:
Ավիաընկերության սեփականատիրոջ խոսքերով՝ այժմ քննարկվում է Armavia-ի կապիտալում նոր սեփականատիրոջ մասնակցության ձևի հարցը: Ավիաընկերությունը շահագործում է SuperJet-ը պարտքով, այն ազատված չէ գրավից:
Ինքնաթիռի մատակարարին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հաղորդել է, որ փոխադրող կողմի բոլոր հիմնական պարտքային պարտականաությունները կանցնեն նոր սեփականատիրոջը: «Ավիաընկերությունում իրերի նման դասավորությունը խոսում է ոչ արդյունավետ մենեջմենթի մասին»,- ընդգծել է նա:
Armavia ազգային ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թ.: 2005 թ. բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցել է «MIKA Limited» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Ավիաընկերությունում խնդիրներ են ծագել անցած տարի, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրեց Armavia-ի ինքնաթիռների սպասարկումը: Ըստ չվացուցակի թռիչքների իրականացումը վերականգնվել է 2012 թ. սեպտեմբերի 20-ին, իսկ սեպտեմբերի 24-ին ավիաընկերությունը փակել է օդանավակայանի պարտքը:









































