1998թ. այս օրը Երևանում մահացավ սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը:
Ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Ախալցխայում: «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո՝ 1944թ., հրավիրվել է Երևանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն և 54 տարի եղել նրա առաջատար դերասանը: Առաջին դերը Բոնին էր Կալմանի «Սիլվա» օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հայտնի դարձրեց նրան:
Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ՝ ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: Խաղացած 100-ից ավելի դերերից առանձնացնել է պետք հետևյալները` Բոնի (‹‹Սիլվա››), Ալդեմարո (‹‹Պարերի ուսուցիչը››), Տոնի (‹‹Կրկեսի իշխանուհին››), Պենիժեկ (‹‹Մարիցա››), Ստեֆան (‹‹Գնչուների բարոն››), Նապոլեոն (‹‹Բայադերա››), Հիգինս (‹‹Իմ չքնաղ լեդի››), Ֆիլիպ (‹‹Ազատաշունչ հողմը››), Իվան (‹‹Ծաղրածուի որդին››), Սուսիկ (‹‹Տրեմբիտա››), Սուրեն (‹‹Մեծ հարսանիք››), Գուրգեն (‹‹Աղբյուրի մոտ››), Ղարա (‹‹Կապկալ թամաշ››), Սոկրատ (‹‹Սեր աստղերի տակ››):
Խաչվանքյանը կերտեց կերպարներ, որոնք ձեռք բերեցին միջազգային ճանաչում` դա առաջին հերթին Տոնինոն և Ձանիետոն է (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), ապա Սոկրատը (‹‹Սեր աստղերի տակ››), Սկապենը (‹‹Սկապենի արարքները››), Թոդորոսը (‹‹Պահանջվում է ստախոս››), Դոն Կիխոտը (‹‹Լամանչեցի մարդը››), Կնյազը (‹‹Տաքսի, տաքսի››):
Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի 4 կինոնկարում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացուներում, մասնակցել է ռադիոբեմադրությունների: Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»:











































