The New York Times թերթը պնդում է, որ Թուրքիան կորցրել է իր քաղաքական առաջատար դիրքը Մերձավոր և Միջին Արևելքում՝ Եգիպտոսում Մուհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ»-ի հաղթանակ տանելուց հետո: Որպես այս փաստարկի ապացույց` պարբերականի փորձագետները օրինակ են բերում Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին հակամարտությունը:
Նրանց կարծիքով` այդ հակամարտության ժամանակ Թուրքիան, որպես միջնորդ, և՛ երկխոսությունից, և՛ խաղից դուրս հայտնվեց: Պաշտոնական Անկարան, չնայած ագրեսիվ բովանդակությամբ իր ակտիվ հայտարարություններին, այս իրավիճակում մնաց Կահիրեի ստվերի ներքո, որը գործում էր ավելի արդյունավետ: Պարբերականը հիշեցնում է, թե ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելն անվանեց «ահաբեկչական պետություն», իսկ Գազայի հատվածի պատերազմը` «էթնիկական մաքրում»:
Սակայն այս ամենը, ըստ պարբերականի, թուրքական կառավարությանը միավորներ չի ավելացնում դիվանագիտական ասպարեզում, այլ միայն սրում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Ամերիկյան թերթի լրագրողների կարծիքով` իրավիճակը չփրկեց նաև Թուքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ժամանումը Գազայի հատված և իսրայելցի գեներալների դեմ ցուցադրական դատը:
The New York Times–ը Թուրքիային խորհուրդ է տալիս մշակել նոր ռազմավարություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում իր ազդեցությունը կրկին վերականգնելու համար:











































