Հայաստան տեղափոխված սիրիահայ Գաբրիել Թանաշյանն արդեն 4 ամիս է՝ հայրենիքում է, սակայն աշխատանքի տեղավորման հետ խնդիրներ ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ դիմել է մի քանի ընկերությունների, իր CV-ները տվել, 2 անգամ դիմել է Սփյուռքի նախարարություն, սակայն՝ ապարդյուն:
Գաբրիելը հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումների մասնագետ է, բայց ստիպված է եղել այստեղ որպես խոհարար աշխատել. «Շատ դժվար աշխատանք էր՝ առավոտից մինչև ուշ երեկո, հետո տրանսպորտի խնդիր էր լինում, տաքսի պետք է վերցնեի, ու աշխատավարձն ամբողջը դրա վրա էր ծախսվում: Դրա համար դուրս եկա: Հուսով եմ՝ նոր գործ գտնել, որտեղ ապագա կունենամ»:
Գաբրիել Թանաշյանը հայտնեց, որ դիմել է նաև խոշոր ընկերություններին՝ «Սամսունգին», «Պանասոնիկին», տվել CV, բայց առայժմ չեն զանգել, պատճառաբանում են, որ նման մասնագետների լրացուցիչ պահանջարկ չունեն:
«Տեսնենք, գուցե սփյուռքի նախարարությունն ինչ-որ բանով օգնի»,- հույս հայտնեց սփյուռքահայ երիտասարդը:
Լուսանկարը` azatutyun.am-ի









































