Կահիրեում 2011 թ. նոյեմբերի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ հարձակվել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության գրասենյակի վրա,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Ցուցարարների կողմից գրասենյակի շենք նետած «Մոլոտովի կոկտեյլները» հանգեցրել են հրդեհի: Գրասենյակի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Չի հաղորդվել՝ արդյո՞ք գրասենյակի վրա հարձակումը պայմանավորված է «Ալ-Ջազիրայի» խմբագրական քաղաքականությամբ, թե՞ ոչ:
Կահիերում զոհվածների հիշատակին նվիրված խաղաղ ցույցերը, որոնք սկսվել էին նոյեմբերի 18-ից, վերածվել են զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Իրավապահ մարմինները ձերբակալել են շուրջ 100 ցուցարարի:
Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերի 18-ին Կահիերում տեղի էր ունեցել զանգվածային ցույց երկրի ժամանակավոր կառավարության դեմ: Թահրիր հրապարակում բողոքի ակցիան վերածվել էր ոստիկանության հետ բախումների, ինչի հետևանքով զոհվել էր 45, վիրավորվել՝ 500 մարդ:










































