Վաղը՝ նոյեմբերի 22-ին, ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1987), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1984), հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի 75-ամյա հոբելյանին նվիրված բարեգործական համերգ:
«Ես սիրում եմ քեզ, կյանք» խորագրով համերգին հանդես կգան նաև դաշնակահար Ալեքսանդր Եվտյուկովը, ՌԴ ժողովրդական արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեևը: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրու երաժշտական դպրոցներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո կենտրոնից:
Համերգի աջակիցներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամը, ԱՌՏԵՍ մշակութային հիմնադրամը:
Իոսիֆ Կոբզոնն ավարտել է Գնեսինի անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում է 1984 թվականից: Բազմիցս համերգներով հանդես է եկել Երևանում, ստացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Երգել է նաև շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ:









































