Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն իրենց կեցվածքով գրեթե կաթվածահար են արել Հայաստանի քաղաքական դաշտը: Առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուի շուրջ այս երկու կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի արդեն ամիսներ տևող անդրկուլիսյան քննարկումների արդյունքներով էլ պայմանավորված կլինի, թե մյուս քաղաքական ուժերն ինչ մասնակցություն են ունենալու այդ ընտրություններին: Սակայն դատելով այս երկու քաղաքական ուժերի, ավելի շուտ ԲՀԿ-ի դանդաղկոտությունից՝ կարելի է ենթադրել, որ այդ կուսակցությունը նախագահական ընտրություններին իր մասնակցության կամ այլ թեկնածուի սատարելու մասին կհայտնի վերջին պահին՝ դեկտեմբերի կեսերին, երբ արդեն հայտարարված կլինեն առաջադրման ժամկետները:
Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` քննարկվում են նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության երկու՝ միմյանց հակասող տարբերակներ: Նախ` այն, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին էլ կսատարի Ս. Սարգսյանի թեկնածությունը: Արդեն ի հայտ են գալիս ՀՀԿ հետ այդ կուսակցության հետագա համագործակցության առաջին ծիլերը: Խոսքը վերաբերում է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին պաշտպանելու մասին ԲՀԿ որոշմանը: Այսպիսով, կարծես թե ԲՀԿ-ն հող է նախապատրաստում նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանին սատարելու համար: Չի բացառվում, որ մինչ այդ Ս. Սարգսյանը հրապարակային որևէ հայտարարություն անի և այդպիսով հեշտացնի իրեն սատարելու մասին ԲՀԿ գործը: Օրինակ` հայտարարի, թե ընդունելի է համարում խորհրդարանական կառավարման անցնելու տարբերակը, ինչը կարող է ԲՀԿ համար Ս. Սարգսյանին սատարելու հիմք հանդիսանալ: Ու որքան էլ ԲՀԿ-ն իր մարզային կառույցներում հանդիպումներ ունենա, հայտարարի, թե իրենց կուսակիցները պահանջում են ունենալ նախագահի սեփական թեկնածու, որը բացառապես ու միայն պետք է լինի իրենց առաջնորդ Գ. Ծառուկյանը, դա չի նշանակում, որ իրենք դրանից հետո չեն կարողանա սատարել Ս. Սարգսյանին:
Նախ` հիշենք, որ ԲՀԿ և ոչ մի անդամ որևէ քննադատական խոսք չի ասել Ս. Սարգսյանի հասցեին: Նրանք ՀՀ սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար մեղադրում են բացառապես ու միայն կառավարությանն ու վարչապետին: Ս. Սարգսյանին սատարելու դիմաց վարչապետի փոփոխությունը, ավելի շուտ այդ պաշտոնն իրենց տալու կամ այդ պաշտոնին իրենց համար ընդունելի մարդու նշանակելու նրանց կուլիսային պայմանը կարող է փոխարինվել հետագայում խորհրդարանական կառավարման համակարգին կամ 100 տոկոսանոց ընտրակարգին անցնելու մասին խոստումով: Եվ չի բացառվում, որ ԲՀԿ կողմից այս փոփոխությունների մասին առաջարկություններն էլ շրջանառության մեջ են դրվել որպես վարչապետի պաշտոնի փոխարինում: ՀՀԿ-ն կամ Ս. Սարգսյանը միանշանակ գիտակցում են, որ նույնիսկ գոյություն ունեցող լիազորություններով էլ վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին հանձնելը բավականին վտանգավոր կլինի իր հետագա պաշտոնավարման համար, եթե նույնիսկ ընտրվի: Վարչապետի պաշտոնը հանձնելով՝ ինքը կհայտնվի Անգլիայի թագուհու կարգավիճակում: Ահա թե ինչու ՀՀԿ-ում բացառում են այդ տարբերակը՝ անկախ այն հանգամանքից, թե ընտրություններից հետո Ս. Սարգսյանն իրենց կուսակցությունից ում կնշանակի վարչապետ: ՀՀԿ-ում այս օրերին նույնիսկ կատակում են, թե Ս. Սարգսյանը ՀՀ ղեկավարումը ձևականորեն նույնիսկ մի քանի օր չվստահեց Գ. Ծառուկյանի հետ խնամիական կապեր ունեցող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Կատակում են, թե Ս. Սարգսյանը վախեցել է, թե մի շաբաթվա ընթացքում Հ. Աբրահամյանը ՀՀ-ում հօգուտ իրեն և Գ. Ծառուկյանի հեղաշրջում կկազմակերպեր: Ուր մնաց թե վարչապետի պաշտոնը տան ԲՀԿ-ին:
Երկրորդ տարբերակն էլ այն է, որ Ս. Սարգսյանին ձեռնտու է Գ. Ծառուկյանի առաջադրվելն այն առումով, որ նա կարողանա ստանալ ընդդիմադիր ընտրազանգվածի գոնե մի մասի քվեները: Տարբեր կարծիքների համաձայն` նույնիսկ ընտրակեղծիքների ողջ զինանոցը գործի դնելու պարագայում ՀՀ-ում 40-45%՝ հիմնականում ընդդիմադիր ընտրազանգված կմնա առանց թեկնածուի: Բացի այդ, եվրոպական ինտեգրման ուղի որդեգրած իշխանություններին ձեռնտու չի լինի 55%-ից ավելի ձայներ ապահովել իրենց համար: Այդտեղ արդեն լեգիտիմության խնդիր կունենան: Զարգացած երկրներում վերջին ընտրություններում նախագահներն իրենց թեկնածուին 1 կամ մի քանի տոկոսով են հաղթել: Եվ ահա այսօր իշխանությունները այդ ընդդիմադիր ընտրազանգվածին տարբեր թեկնածուների միջև տեղաբաշխելու խնդիր ունեն:
Հայտնի է, որ առաջադրվելու է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց այդ կուսակցության ու անձամբ նրա նախագահի ընտրական փորձը ցույց է տվել, որ նրանց բաժին է ընկնում նվազագույն ընտրազանգված: Այնպես որ, դժվար է հուսալ, թե Ր. Հովհաննիսյանը կկարողանա ընդդիմադիր քվեների զգալի մաս ստանալ: Արամ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը նույնպես այդ 45%-ը չեն կարողանա նվազեցնել: Այնպես որ, իշխանությունների համար մեծ խնդիր է, թե ում պետք է ընտրի ընդդիմադիր ընտրողը: Նրանց համար ցանկալի տարբերակ չէ, որ նորից առաջադրվի ու երկրորդ թեկնածու դառնա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Կոնգրեսից որևէ ներկայացուցիչ, բայց հնարավորինս ազդեցիկ ներկայացուցիչ: Եվ եթե որևէ ընդդիմադիր թեկնածուի նորից հաջողվեց ստանալ ընդդիմադիր էլեկտորատի ձայների մեծ մասը, ապա ընտրություններից հետո 2008-ի նման զանգվածային բողոքի ակցիաներն ու դրանից բխող հետևանքներն անխուսափելի կդառնան: Այնպես որ, չի բացառվում, որ երկրորդ թեկնածու դարձնելու համար իշխանությունների ընտրությունը կանգ առնի Գ. Ծառուկյանի վրա, ու նրան բաժին հասնի ընդդիմադիր ընտրազանգվածի մեծ մասը:











































