Սիրիայի ճգնաժամի հաղթահարման արևմտյան սցենարը վտանգի տակ է: Սիրիայում կռվող ջիհադականների և սալավիտների ջոկատները հրաժարվել են ենթարկվել վերջերս ստեղծված Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային, որն արդեն ընդունել են Արևմուտքի մի քանի երկրներ: Ընդդիմադիրների ամենաքիչը մեկ երրորդը մտադիր է իր ձեռքը վերցնել Սիրիայի տարածքի մի մասն ու այնտեղ իսլամական պետություն ստեղծել, հայտնում է Kommersant-ը:
Բաշար Ասադի զորքերի դեմ պայքարող 14 իսլամիստական խմբավորում հրաժարվել է ենթարկվել նորաստեղծ կոալիցիային, որն արդեն Սիրիայի օրինական ներկայացուցիչ են ճանաչել Ֆրանսիան, Իտալիան և ԵՄ-ն: Այս մասին ասվում է այդ խմբավորումների ղեկավարների` համացանցում տեղադրված համատեղ տեսաուղերձում:
Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ղեկավար Աբդել Ջաբբար ալ-Օկեյդին ասել է. «Նրանք Սիրիայում մի քանի ռազմական ստորաբաժանում ունեն, սակայն դրանք բոլոր ընդդիմադիր խմբերը չեն: ՍԱԲ-ի ռազամական խորհուրդը լիովին աջակցում է Ազգային կոալիցիային»:
Փորձագետների ամենահամեստ հաշվարկներով` արմատական իսլամիստները կռվող բոլոր ջոկատների մեկ երրորդ մասն են: «Ջեբհատ ան-Նուսրա», «Լիուա Ալ-Թաուհիդ» և «Ահրարա աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների դերը հատկապես նշանակալի է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի հյուսիս-արևմուտքում: Փորձագետները չեն բացառում հնարավորությունը, որ նրանց ձեռքը կանցնեն նաև Հալեպ և Իդլիբ նահանգները:
Ավելին` հենց ընդդիմադիրների Ճամբարից են վերջերս Ասադի զորքերի դեմ պայքարում հաղթանակի լուրեր ստացվում: Le Figaro-ի տվյալներով` Ազգային կոալիցիայի նոր ծրագիրն է` Սիրիայում 5 ռազմական գոտի ստեղծելն, որտեղ ընդդիմադիրների առնվազն երկու երրորդը հավատարիմ կլինեին կոալիցիային: Այսպիսով՝ ծրագրվում է Սիրիայի տարածքի մի մասի` ծայրահեղականների ձեռքն անցնելը:
Ծայրահեղականների վերջին տեսաուղերձը կասկածի տակ է դնում այս ծրագիը: «Մենք մերժում ենք ցանկացած ներքին կոալիցիա,- միանշանակ հայտարարել են նրանք:- Մեր նպատակն ազատագրված տարածքներում արդար իսլամական պետություն ստեղծելն է»:











































