Ուրբաթ օրը Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոն է դիմել մայիսի 4-ին ՀՀԿ կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը: Սերոբ Բոզոյանը տառապում է միզապարկի քաղցկեղով:
Վերջին ամիսների ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրան անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար Facebook-ում խումբ է ստեղծվել, բացվել է հատուկ հաշվեհամար: «Առաջին լրատվական»-ը այսօր հանդիպեց Սերոբ Բոզոյանին: «Մի 4-5 օր ուժեղ պրիստուպներ էին մոտս, շատ արնահոսություն, արտադրություն, ցավեր, հիմա մի քիչ մղկտում է, էդ է…»,- մեզ հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանը:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցածը Սերոբ Բոզոյանը ուղղակի դժբախտ պատահականություն է համարում և կարծում է, որ պետք է այդ ամենը մոռանանք: Հարցին՝ կշարունակի՞ զբաղվել փուչիկների գործով, Ս. Բոզոյանը պատասխանեց, որ մեծ ուրախությամբ կզբաղվի, միշտ ծնունդ, կնունք, ուրախության ժամանակ է զբաղվել այդ գործով. «Վարդը ծաղիկ է, ձեռքը ծակում է, հո դրա համար բան չեն անում, ուղղակի նենց են անում, որ չծակի»,- ասաց նա՝ իրեն բնորոշելով որպես սուտի գործ անող, ոչ ֆիրմա ունի, ոչ մի բան: Սերոբ Բոզոյանը 7000 փուչիկ է փչել ՀՀԿ կազմակերպած նախընտրական միջոցառման համար` զգուշացնելով, որ պետք է զգույշ լինեն, հեռու և բարձր պահեն փուչիկները:
Իրեն աջակցողներին Սերոբ Բոզոյանը շնորհակալություն հայտնեց, պատմեց, որ իր բուժման համար կինը՝ Մարինան, փորձել է բանկից վարկ վերցնել, բայց բանկը չի տվել: Իսկ այս ամիսների ընթացքում իր ընտանիքը կարողացել է գոյատևել բարի մարդկանց շնորհիվ, որոնք շատ են: Այս պատմության մեջ Սերոբ Բոզոյանը որևէ մեկին մեղավոր չհամարեց, պատահականություն էր, ուրիշ ոչ մի բան: «Մի բան էլ ասեմ, եթե երեխես սոված չլիներ, հիվանդ չլիներ, ես էս ռիսկին մի վայրկյան չէի դիմի, երբ ճարն է ստիպում, ասում ես զգույշ լինենք, կարող է բան չլինի: Լիքը բան կա, մենք էլ շատ բան չենք հասկանում»,- ասաց Սերոբ Բոզոյանը՝ նկարագրելով փուչիկների պայթյունից հետո իր հոգեվիճակը. «Ես մղկտալով ֆռռում էի… տեղի ունեցածից տասը րոպե հետո ոստիկանները գտան ինձ»,- ասաց Սերոբ Բոզոյանը:
Այս անգամ արդյոք բուժումը կշարունակի՞, թե՞ նախորդ անգամվա պես կիսատ կթողնի, կհրաժարվի բուժումից, պատասխանեց. «Այն անգամ ոչ թե հրաժարվել եմ, այլ ուղղակի ճար չկար, հիմա էլ երեխու հարցը դնեն ու իմ առողջությունը, թքել եմ իմ առողջության վրա, թե չէ ո՞վ չի ուզում բուժվել»:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Տանանյանը ներկայացրեց Սերոբ Բոզոյանի հիվանդության պատմությունը. ըստ այդմ՝ 2009-ին նա ընդունվել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ բոլոր ախտորոշումների հիման վրա հայտնաբերվել է միզապարկի քաղցկեղ, հիվանդը վիրահատվել է, մեկ տարի անց հետազոտվել է նույն կենտրոնում և ախտորոշվել է հիվանդության կրկնություն: Արմեն Տանանյանի խոսքով՝ դեռ այն ժամանակ բուժող բժիշկները խորհուրդ են տվել բուժում ստանալ, որից Սերոբ Բոզոյանը հրաժարվել է: Ուրբաթ օրը հիվանդը դիմել է ուռուցքաբանության ազգային կենտրոն կրկնակի հետազոտությունների և հոսպիտալացման համար, և քանի որ անձնագիր չի ունեցել, չի ընդունվել կենտրոն: Երկուշաբթի նա բերել է անձնագրի պատճենը և ընդունվել կենտրոնի ուռոլոգիական բաժանմունք:
«Հիվանդին հոսպիտալացրել են: Կատարվում են հետազոտություններ, այս պահին հիվանդի մոտ կա հիվանդության կրկնություն, և երբ բոլոր հետազոտություններն ավարտվեն, այդ ժամանակ կարող են ասել՝ նա կվիրահատվի՞, ի՞նչ ծավալի վիրահատություն է իրեն սպասվում, թե՞ այլ` ճառագայթային բուժում կստանա: Տանանյանը նաև հավելեց, որ հիվանդն արնահոսությամբ չի ընդունվել ուռուցքաբանության ազգային կենտրոն: «Սերոբ Բոզոյանի հեմոգլոբինն այս պահին 147 է, այն նորմայի մեջ է գտնվում, ինչը խոսում է այն մասին, որ հիվանդը չի արնահոսում և շտապ վիրահատության կարիք չկա»,- ասաց Արմեն Տանանյանը:
Սերոբ Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը Սերոբ Բոզոյանի վատթարացած առողջական վիճակը հաշվի առնելով, ըստ երևույթին, կվերանայի գործը, և բավականին հիմքեր կան, որ նրա նկատմամբ պատժատեսակը վերանայվի:
Նա նշեց, որ Սերոբ Բոզոյանն ունի երկու անչափահաս երեխա, փոքր որդին հիվանդ է, տառապում է բրոնխյալ ասթմա հիվանդությամբ, բացի այդ, Բոզոյանների ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում:
«Ես հաճելիորեն զարմացել եմ այն հանգամանքի վրա, որ շատ տուժողներ սատարում են Բոզոյանին, այսօր տուժողների մեծ քանակություն այցելել է հիվանդանոց և գումարային օգնություն ցուցաբերել, տուժողները օգնել են Սերոբ Բոզոյանին: Սա վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը բավականին խոհեմ է, բարի»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը մեկ այլ կարևոր հանգամանք ևս առանձնացրեց, ըստ որի՝ Սերոբ Բոզոյանը միակ անձնավորությունն է եղել այն ամբողջ միջոցառման կազմակերպման ընթացքում, որը ուղղակիորեն հայտնել է, որ մեթան գազով չի կարելի լիցքավորել փուչիկները (մեթանով փչած փուչիկների արժեքը 100-110 դրամ է, մինչդեռ հելիումով դրա գինը 6 անգամ ավելի թանկ է), սակայն այն գումարը, որը հատկացվել է Սերոբ Բոզոյանին՝ 700 հազար դրամ, կարելի էր լիցքավորել միայն և միայն մեթան գազով: «Սերոբ Բոզոյանը զգուշացրել է, ասել է, որ գոնե փուչիկները բարձր և հեռու պահեն, մինչդեռ ամեն ինչ արվեց ճիշտ հակառակը: Ըստ երևույթին, բաց կրակայրիչի բռնկում է տեղի ունեցել: Վատագույնը, ինչ կարող էր տեղի ունենալ»,- ասաց Կարեն Մանուչարյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, կարող է փոփոխել վճիռը պատժի մասով:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը միակն է, ով պատասխանատվության ենթարկվվեց փուչիկների գործով:










































