ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հավաքվել է անհրաժեշտ ստորագրությունների թիվը և վաղը՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում տեղի կունենա արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Լ. Զուրաբյանը նշեց նաև, որ արտահերթ նիստի պահանջին, բացի քաղաքական ուժերից, միացել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ.
«Ընդդիմությունը վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ կարողացավ հրավիրել արտահերթ նիստ՝ ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ: Այս գործին սպասում էին բոլորը՝ և՛ ժողովուրդը, և՛ միջազգային հանրությունը: Եթե մենք վաղվա արտահերթ նիստում կարողանանք անել բոլոր վերափոխումները, ապա կկարողանանք վերականգնել ժողովրդի հավատը ընտրությունների հանդեպ:
Նախագահական ընտրություններից առաջ այս հարցի շուրջը կայացել է քաղաքական լրջագույն համախմբում: Ընտրական համակարգի արմատական վերականգնման փաթեթին, բացի նախաձեռնության հեղինակ Կոնգրեսից, միացան նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»:
Այս հարցի շուրջ կա նաև հասարակական համախմբում: Մասնավորապես, հայտարարություն է արվել, որը ստորագրվել է մի քանի ՀԿ-ների կողմից՝ «Իրավունքի միավորում», Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, «Թրասփերանսի ինթերնեյշընըլ»: Այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ տվյալ պահին ունենք ձևավորված հստակ, հզոր հասարակական պահանջ, այդ պահանջին աջակցում են Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերը, իսկ դիմադրում է միայն հանրապետական կուսակցությունը:
Իշխող կուսակցությունը, ըստ էության, միակն է, որ իր ամբողջ ուժերով դիմադրում է այս վերափոխմանը: Անգամ պրոպագանդիստական տրյուկ է այստեղ տեսնում և հայտարարել է, որ չի մասնակցելու: Ենթադրենք քաղաքական ուժերը զբաղված են պրոպագանդայով, բա հասարակական ուժե՞րը, նրա՞նք էլ են զբաղված պրոպագանդայով: Իշխող կուսակցությունը չի ցանկանում, որ Հայաստանում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ: Ոչ միայն չի ցանկանում, այլ նաև վախենում է դրան նվիրել մեկ արտահերթ նիստ:
Այս կապակցությամբ ես ունեմ հայտարարություն: Առաջինը՝ մենք արձագանքում ենք վերոնշյալ ՀԿ-ների կոչերին և Կոնգրեսում քննարկելուց հետո եկել ենք այն եզրակացության, որ դրանք ընդունելի են, և եթե կայանա արտահերթ նիստ, մենք այդ բոլոր առաջարկները պատրաստ ենք ընդգրկել մեր փաթեթի մեջ:
Մենք ունենք նաև կառավարության եզրակացությունը, և ԱԺ աշխատակազմի եզրակացությունը, այնտեղ որոշակի առարկություններ կան. այն, որ զինծառայողների չմասնակցելը ընտրություններին համարվում է հակասահամանադրական: Մենք պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի, մենք պատրաստ ենք բավարարել նրանց պահանջը, եթե միայն սա է խոչընդոտ հանդիսանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Հետո, նրանք խոսում են հակասահմանադրականության մասին՝ սա ուղղակի ծիծաղելի է, եթե ինչ-որ մեկն այսօր ունի հակասահմանադրական կեցված, դա հենց իրենք են»:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է արտահերթ նիստի նպատակը, եթե ի սկզբանե պարզ է, որ ՀՀԿ-ն քվորում չի ապահովելու, Զուրաբյանն ասաց. «Մենք պետք է պարտադրենք իշխանություններին այն, ինչ ուզում է ժողովուրդը և միջազգային հանրությունը: Դեմոկրատական երկրներում հենց այդպես են վարվում ինչ-որ նպատակների հասնելու համար»:
Լևոն Զուրաբյանը կոչ արեց, որ վաղը՝ ժամը 14-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ընտրական համակարգի փոփոխման ճակատագրով, գան ԱԺ-ի դիմաց՝ ակցիայի:








































