Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակչությանը օգնության ցուցաբերումը յուրաքանչյուր իսլամական երկրի պարտականությունն է.
«Իրանը բազմիցս նախազգուշացրել է, որ Իսրայելը դավեր է նյութում տարածաշրջանում, ինչի նպատակն իրավիճակի ապակայունացումն է, պաղեստինյան ժողովրդի դիմադրության թուլացումը: Տարածաշրջանում վտանգն ու սպառնալիքները բխում են Իսրայելից, որի խղճին են ծանրացած բազմաթիվ անմեղ զոհերը:
Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Իրանի ԱԳՆ-ը սկսել է խորհրդակցություններ, հանդիպումներ ու բանակցություններ անցկացնել տարածաշրջանի մի շարք երկրների հետ:
Մենք նաև դիմել ենք միջազգային կառույցներին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Իրանը նաև բանակցել է ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ շարժումների առաջնորդների հետ և պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և բժշկական բրիգադներ ուղարկել Գազայի հատված»: