Dreamworks ընկերության հիմնադիրներից Դևիդ Գեֆենը 54 մլն դոլարով գնել է փենթհաուս` Մանհեթենում: Ինչպես հաղորդում է Forbes-ը, գործարքը ռեկորդային է Նյու Յորքի կոոպերատիվ բնակելի համալիրների համար, որտեղ բնակության իրավունք է ձեռք բերվում` գնելով բաժնետոմսեր կամ կոոպերատիվի անդամություն:
Հինգերորդ Ավենյուում գտնվող 18 հարկանի շենքի վերջին 2 հարկերում տեղակայված բնակարանի ընդհանուր մակերեսը 1115 քառ/մ է: Նրանում կա 7 ննջարան, 11 լոգասենյակ, երեք խոհանոց, գրադարան, ձայնագրման ստուդիա, մարզասրահ` սաունայով, սպասավորների սենյակ և այգի՝ տանիքում: Գլխավոր ննջարանում տեղադրված է կինոդահլիճ, բուխարի և երկու առանձին լոգասենյակներ: Փենթհաուսի պատուհանները նայում են դեպի Կենտրոնական այգի:
Բնակարանը վաճառել է երգիչ Դենիս Ռիչը, ով սկզբում նախատեսել էր բնակարանի վաճառքից ստանալ 65 մլն դոլար, սակայն հետագայում համաձայնել է իջեցնել գինը:
Այս գործարքը գերազանցել է ընթացիկ տարվա մայիսին կայացած գործարքին, երբ միլիարդատեր Հովարդ Մարքսը և նրա կինը 52,5 մլն դոլարով դուպլեքս էին ձեռք բերել Պարկ Ավենյուի կոոպերատիվներից մեկում:










































