Պաղեստինի ինքնավարության երկու առաջատար կուսակցություններ՝ ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը, Գազայի հատվածում հակամարտության սրման կապակցությամբ հայտարարել են իրենց ուժերը միավորելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք վերջակետ ենք դնում մեր պառակտմանը»,-հայտարարել է ՖԱԹՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջիբրիլ Ռաջուբը:
ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի միջև քաղաքական տարաձայնությունները ծագել են 2006թ.: Հակամարտության հետևանքով Պաղեստինի ինքնավարությունը փաստացիորեն բաժանված էր երկու մասի՝ Հորդանան գետի արևմտյան ափ, որը վերահսկում է ՖԱԹՀ-ը, և ՀԱՄԱՍ-ի իշխանության տակ գտնվող Գազայի հատված:
Վերջին վեց տարիների ընթացքում կուսակցությունները բանակցում են միասնական կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջ:
Ի տարբերություն ՖԱԹՀ-ի, որն Իսրայելի հետ, ընդհանուր առմամբ, խաղաղ հարաբերություններ ունի, ՀԱՄԱՍ-ը ագրեսիվ է տրամադրված: Իսրայելը, ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:











































