Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի վաղվա նիստում ընդգրկված են երկու կարևոր հարցեր՝ կապված գազի հետ: Այս մասին նշված է խորհրդարանի կայքում: Ադրբեջանցի պատգամավորները պետք է քննարկեն ու ընդունեն գազային ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությանն առնչվող երկու միջկառավարական փաստաթղթեր:
Առաջին փաստաթուղթը Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 25-ին Իզմիրում և առնչվում է ադրբեջանական գազը Թուրքիային վաճառելուն, ինչպես նաև նրա տարածքով տարանցմանը:
Երկրորդ փաստաթուղթը ստորագրվել է 2012 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում: Ըստ այս փաստաթղթի՝ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման համար կառուցվելու է «Անդրանատոլիական գազատարը» (TANAP):
Երկու փաստաթղթերն էլ նոյեմբերի 6-ին դիտարկվել և ընդունվել են Ադրբեջանի խորհրդարանի՝ էներգետիկայի, բնական պաշարների ու բնապահպանության մշտական հանձնաժողովի կողմից: Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է տվյալ համաձայնագրերը:







































