Երեկ Աթենքում շուրջ 10 հազար բնակիչներ բողոքի երթով մոտեցել են ԱՄՆ դեսպանատանը: Ամեն տարի՝ նոյեմերի 17-ին, Հունաստանը նշում է 1973 թվականին ուսանողական ապստամբության տարելիցը: Այդ ապստամբությունը ճնշել է այն ժամանակ իշխող «սև գնդապետների» խունտան: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Ուսանողներն ու կոմունիստները երթ են իրականացրել դեպի ամերիկյան դեսպանատուն, քանի որ ԱՄՆ-ին մեղադրում են խունտային աջակցելու մեջ:
Հիշեցնենք՝ 2010 թվականի օգոստոսի 16-ին Հունաստանում 87 տարեկան հասակում մահացավ զինվորական խունտայի նախկին ղեկավար (1973–1974 թթ) Դիմիտրիոս Իոաննիդիսը: Նախկին բռնապետը մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում, որտեղ տեղափոխվել էր Կորիդալլոս բանտից՝ շնչառական օրգանների խնդիրներով:
Նրա ղեկավարությամբ՝ 1973 թվականի նոյեմբերին ճնշվել է Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների ապստամբությունը: Օպերացիայում գործի էին դրվել տանկեր: Զոհվել է 24, վիրավորվել՝ 1000-ից ավելի մարդ:
Խունտայի մասնակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն ավելի ուշ այդ վճիռը վերափոխվել է ցմահ ազատազրկման: Իոաննիդիսը հրաժարվել է ներում հայցել և մինչև կյանքի վերջին օրը անցկացրել է բանտում:







































