ԱՄՆ-ի ղեկավարությունը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը մերձավորարևելյան հակամարտությունում: Այս մասին լրագրողներին հայտնել է Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսը:
«Իսրայելը իրավունք ունի իր ռազմական տակտիկայի և օպերացիաների վերաբերյալ որոշում կայացնելու: Մենք, ինչպես և իսրայելցիները, հուսով ենք, որ Գազայի հատվածից հրթիռային հարձակումները կդադարեն»,- ասել է Ռոդսը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը գտնում է, որ այս իրավիճակը հրահրել են հենց այդ կրակոցները:
«Իսրայելցիները շատ երկար են հանդուրժել այդ սպառնալիքները, որոնք և հանգեցրել են ներկայիս իրադարձություններին»,- Ռոդսի խոսքերը մեջբերում են էլեկտրոնային լրատվամիջոցները:
Ավելի վաղ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսրայելցի քաղաքական գործիչը իր շնորհակալությունն է հայտնել Սպիտակ տան ղեկավարին իրավիճակը ըմբռնելու համար:
Օբաման հեռախոսազրույց է ունեցել նաև Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ և գնահատել նրա ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:








































