Անգլիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել Մանչեսթրի 55-ամյա քրիստոնյա բնակչի օգտին, որի պաշտոնը իջեցրել են Facebook-ում նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ կատարած գրառման պատճառով:
Անգլիայի Գերագույն դատարանը որոշումը կայացրել է հօգուտ հավատացյալ աշխատակցի: Էդրիան Սմիթը վիճարկել է ղեկավարի` իրեն պաշտոնից հեռացնելու և աշխատավարձից զգալիորեն զրկելու որոշումը: Facebook սոցիալական կայքում նա կարծիք էր հայտնել, որ նույնասեռ ամուսնությունները չի կարելի հավասարեցնել տղամարդու և կնոջ ամուսնություններին:
Դատարանը վճռել է, որ Սմիթի գործատուն աշխատանքային պայմանագրի լուրջ խախտումներ է թույլ տվել:
Սմիթը Trafford Housing Trust (THT)-ի մենեջերն է: Նա դիմել է դատարան` պնդելով, որ իր քաղաքացիական իրավունքը խախտվել է:
Դատարանը բավարարել է նրա հայցը: Էդրիան Սմիթին հատկացվող փոխհատուցումը ընդամենը 100 ֆունտ ստերլինգ է, սակայն նա նշել է, որ խնդիրը գումարի չափը չէ, այլ սկզբունքը:










































