Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի վերջին այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Բրյուսելում չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:
«ԱՄՆ Վրաստանի վարչապետի այցը ենթադրաբար տեղի կունենա նոյեմբերի վերջին՝ ՆԱՏՕ-ի նախարարների խորհրդից առաջ»,- ասել է Փանջիկիձեն: ՆԱՏՕ-ի նախարարների խորհուրդը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի սկզբներին:
Ըստ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ Իվանիշվիլիի այցը նախապատրաստելու համար այս շաբաթ Վրաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Գորդոնի հետ կհանդիպի նոյեմբերի 17-ին: