Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռաչա մարզ կատարած իր նախընտրական այցի ժամանակ խոստացել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո կառավարությունն «անպայման ավարտին կհասցնի», այսպես կոչված, արդարադատության վերականգնումը:
«Այս ընտրություններից հետո մեր երկրում կսկսվեն նշանակալի փոփոխություններ: Խոստանում եմ, որ մեր սկսած գործը՝ արդարադատության հաստատման և վերականգնման գործընթացը, ավարտին կհասցնենք»,- հայտարարել է նա:
«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ահավոր համակարգի ստեղծման մեջ, որից մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ են տուժել, բոլոր այդ մարդիկ, խոստանում եմ, անպայման պատասխանատվության կենթարկվեն, և այդ գործընթացը մենք անպայման կավարտենք»,-հայտարարել է նա:
Ամբրոլաուրիի կենտրոնում իր համախոհների առջև ելույթ ունենալով՝ նա կոչ է արել «առավելագույն ակտիվություն» ցուցաբերել հունիսի 15-ին կայանալիք տեղական ընտրություններին:
«Խոստանում եմ, որ ձեզ հետ միասին մենք անպաման կհաղթենք: Մենք այլ ճանապարհ չունենք»,- հայտարարել է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդը:










































