«Բարսելոնա»-ի ներկայացուցիչները և ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելը կանչվել են արքայական դատարան` բրազիլացի հարձակվող Նեյմարի` «Սանթոս»-ից կատալոնական ակումբ տեղափոխության գործով ցուցմունք տալու համար, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն մեղադրվում է ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելիս հարկերից խուսափելու մեջ:
Կատալոնական ակումբի խորհրդի ընդդիմադիր անդամ Խորդի Կասեսը հայտարարել է, որ Ռոսելը, ամեն դեպքում, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է ոչ թե 57,1, այլ 95 մլն եվրո: Հետաքննությունը կասկածներ է հարուցել, որ դրա արդյունքում պետության հարկային մարմիններից թաքցվել է 9 մլն եվրո: Դատավոր Պաբլո Ռուսը «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների և նախկին նախագահի հետ դատարանում կզրուցի հունիսի 13-ին:







































