Ուկրաինայի նախագահի խորհրդական Կախա Բենդուկիձեն առաջարկել է դադարեցնել հրթիռների և օդանավի շարժիչների մատակարարումը Ռուսաստան: Այս «ռազմավարական առումով ճիշտ որոշումը» պետք է անխուսափելիորեն կատարել, «իսկ եթե դա չարվի, չփակվի ռուսական շուկա զինամթերքի մատակարարումը, ապա դա պարզապես հիմարություն կլինի»,- «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Բենդուկիձեն:
Ի պատասխան՝ ուրբաթ օրը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման փոխարինման ծրագիր է պատրաստում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Նախարարությունը հունիսի 10-ին կներկայացնի ներմուծման փոխարինման ծրագիրը, որը կլինի առաջիկա 2,5 տարվա աշխատանքի ուղեգիծը՝ ասել է փոխվարչապետը: Ռոգոզինը նշել է, որ պաշտպանական ձեռնարկությունների առաջադրանքն է՝ չսպասելով ծրագրի վերջնական ձևավորմանը, արդեն քայլեր ձեռնարկել Ուկրաինայի պաշտպանական համալիրի ձեռնարկություններից կախվածությունը նվազեցնելու համար:
Ստեղծված իրավիճակում պետք կլինի գնալ ուկրաինական ներկրման փոխարինման ճանապարհով և անհրաժեշտ արտադրություն ստեղծել Ռուսաստանում՝ ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ներկայացուցիչը: Անհրաժեշտ հզորությունը ստեղծելուց հետո դժվար թե նպատակային լինի ուկրաինական ձեռնարկությունների հետ համագործակցությունը վերականգնելը՝ հավելել է «Ռոստեխ»-ի ներկայացուցիչը: Նա կարծում է, որ համագործակցության դադարեցումն առաջին հերթին կվնասի ուկրաինական տնտեսության բարձրտեխնոլոգիական ոլորտին:
Ցանկացած արգելք կվնասի երկու կողմերին էլ՝ անցած շաբաթ ասել է «Մոթոր Սիչի» գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Բոգուսլաևը: «Մոթոր Սիչը» չի վախենում Ռուսաստան մատակարարումների դադարեցման հնարավոր սպառնալիքից:








































