Իսրայելական Consumer Physics ոչ մեծ ընկերությունը սարք է մշակել, որն արմատապես կփոխի մեր հարաբերությունները շրջակա ֆիզիկական աշխարհի հետ՝ այնպես, ինչպես անհատական համակարգիչները հեղաշրջում արեցին տեղեկատվության ոլորտում: Մեզ խոստանում են աշխարհում առաջին փոքր մոլեկուլյար սքաներ՝ NIR-սպեկտրոսկոպիայի (մոտակա ինֆրակարմիր ոլորտի սպեկտրոսկոպիայի) բազայով, որը հնարավորություն կտա վայրկենապես իմանալ մեզ շրջապատող ամեն ինչի քիմիական կազմությունը՝ հայտնում է golbis.com-ը:
SCiO-ի հեղինակներն իրենց ստեղծած սարքն անվանում են «վեցերորդ զգայարան», լրագրողները՝ «նյութական աշխարհի Google». ինչպես Google-ն է հնարավորություն տալիս վայրկենապես ստանալ ցանկացած տեքստային հարցի պատասխան, այնպես էլ SCiO-ը կհայտնի, թե ինչից է կազմված ձեր ուտելիքը, հագուստը, դեղը, ինչպիսին է ջրի բաղադրությունը, որը դուք խմում եք, օդի, որը շնչում եք, և այլն: Առայժմ այդպիսի սպեկտրոգրաֆներ կան միայն արտադրական լաբորատորիաներում, SCiO-ն այն կդարձնի հանրամատչելի:
20 գրամ քաշով սարքը չափով մի քիչ մեծ է USB-ֆլեշից, միանում է սմարթֆոնին:
SCiO նախագիծը մեծ արձագանք է գտել KickStarter կայքում. ընդամենը երկու շաբաթում մոտ 9000 քաղաքացի-ներդրող պատրաստակամություն է հայտնել դրանում ներդնել ընդհանուր առմամբ 1.96 մլն դոլար: Բոլորն ուզում են հնարավորինս շուտ ստանալ հրաշք-սարքը, ինչպիսին գովազդում է:
Փորձնական շարքում կլինի SCiO-ի 300 նմուշ: KickStarter-ի այցելուներին այն առաջարկվել է 148 դոլարով, և բոլոր 300 սարքերը վայրկենապես սպառվել են: Հիմա SCiO կարելի է պատվիրել՝ նախագծում ներդնելով 199 դոլար: Հեղինակները խոստանում են սարքի առաքումը սկսել 2015 թվականի հունվարին:








































