Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո:
«Նվիրվում է Կոմիտասին» խորագիրը կրող երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ ու հոգևոր երգերը: Երեկոյի բացումը կազդարարի Արմեն սարկավագ Սահակյանը: Երեկոյի գրական մասը կապահովի Խորեն Լևոնյանը, կոմիտասյան երգերը կկատարի Արտակ Ալավերդյանը՝ նվագակցությամբ Կատարինե Հովսեփյանի:
«Աշխարհում բոլոր երկրներն ունեն իրենց ուժային կառույցները ու ունեն զենքեր, որով պարծենում են, կան նաև զենքերի այնպիսի տեսակներ, որոնք առաջին հայացքից չեն երևում, բայց ավելի խորը հետք են թողնում հասարակության վրա: Խոսքը մշակույթի մասին է, իսկ Կոմիտասն այն զենքն է, որը միաժամանակ մեզ մաքրում ու հզորացնում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտակ Ալավերդյանը:
Երաժիշտը համոզված է, որ Կոմիտասին պետք է նվիրվել, պետք է անընդհատ կատարել նրա գործերը, որպեսզի նա չդառնա «թանգարանային արժեք»՝ երգերից շատերի քիչ հնչելու կամ այնքան էլ հայտնի չլինելու պատճառով:
Արտակ Ալավերդյանը երգել է մանկուց, սակայն երգարվեստով լրջորեն սկսել է զբաղվել 24 տարեկանից: Մինչ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելը ստացել է քաղաքագետի կրթություն, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Ներկայում սովորում է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մոտ: Երաժիշտն իր ապագան տեսնում է օպերային արվեստում, ցանկանում է նպաստել հայ երգի տարածմանը, հատկապես Կոմիտասին ճիշտ ներկայացնելուն:
Համերգի մուտքն անվճար է:











































