Քրդական Firat լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունից: ՄԱԿ-ի իրավապաշտպանների խոսնակ Ռուպերտ Կոլվիլը Ժնևում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալված թուրք լրագրողների հետաքննությունն ընթանում է գաղտնիության մթնոլորտում, մինչդեռ այն պետք է թափանցիկ լինի անձամբ լրագրողների և նրանց փաստաբանների համար, այլապես կասկածներ են առաջանում նրանց ձերբակալման իրական պատճառների մասին.
«Եթե այդ հարցում չգրանցվի առաջխաղացում, ապա առավել կմեծանան այն կասկածները, որ լրագրողները ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Մարտի սկզբին ձերբակալված 9 լրագրողները դեռևս սպասում են իրենց դատին: Թուրքական կառավարությունը պետք է կատարի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների շուրջ Միջազգային պակտի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները և հետևի, որպեսզի լրագրողները հետապնդումների չենթարկվեն իրենց բուն գործունեության պատճառով»:
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական բանտերում են հայտնվել 63 լրագրողներ, որոնք հիմնականում մեղադրվում են ահաբեկչական «Էրգենեկոն» կազմակերպությանն անդամագրվելու մեջ: