Գյումրիում այսօր առաջին անգամ մեկնարկել է «ԲարՔեմփ Գյումրի 2012» չկոնֆերանսը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց միջոցառման կազմակերպիչներից Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, ԲարՔեմփ-ը բավականին աշխույժ է անցնում, շնորհանդեսների սենյակները լեփ-լեցուն են և երբեմն տեղերը չեն բավարարում:
«Շնորհանդեսները ՏՏ և մոբայլ ծառայությունների վերաբերյալ են, տեխնոպարկը մի քանի շնորհանդես արեց՝ մուլտիմեդիալաբորատորիաների, ինժեներական լաբորատորիաների, սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ շնորհանդեսներ: Հիմնականում երիտասարդ, ակտիվ մասսան է եկել, ձանձրալի շնորհանդեսներ չկան: Բացի ներկայացնողներից բավականին ակտիվ են նաև մասնակիցները: Միջոցառումը գնահատում եմ բավականին հաջողված, շատ լավ»,- ասաց Գ. Պարոնյանը:
Հիշեցնենք, որ «ԲարՔեմփ» չկոնֆերանսում ներկայացվում են ինտերնետի և հարակից ոլորտների տեխնոլոգիաները, կազմակերպվում են քննարկումներ, անցկացվելու է նորարարական գաղափարների տոնավաճառ, սա նաև հնարավորություն է աշխատանքային կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ:










































