«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու իրական նախաձեռնողը հստակ չէ: «Թուրքիայում բարդ իրավիճակ է, հիմա շատ շատերը դիմել են Գյուլին, Թուրքիայի ընդդիմությունը դիմել է Գյուլին` խնդրելով, որ նա պահպանի իր թեկնածությունը: Էրդողանի դեմ շատ մեծ ալիք է բարձրացել: Այդ ալիքը վարում է նաև Միացյալ Նահանգները: Հիմա` ինչո՞վ կավարտվի, ով ինչ կլինի…. Այս տեսակետից կարող է պատահել անգամ, որ այդ առաջարկը նույն հասցեատերը ունենա:
Ես չեմ կարծում, թե սա հայկական նախաձեռնություն է, կարող է նույն հասցեատերը լինել այստեղ, ովքեր, ասենք թե, դրանով ամրապնդում են Գյուլի դիրքերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Մանուչարյանը նշեց, որ ուժեղ կարող է համարել միայն մի քայլ` ամբողջականությունը: Այդ քայլից դուրս ինչ էլ կատարվի, թույլ է լինելու:
«Այդ քայլի հզորությունը ամենամեծն է, և մենք կարող ենք թե՛ ինքներս մեզ ստանալ` լրիվ ուրիշ որակով, թե՛ աշխարհից դիվիդենտներ ստանալ՝ ովքեր հարկադրված, ովքեր էսպես` իրենց բարի կամքով աջակցելու են»,- ասաց նա` մանրամասնելով, որ դա նշանակում է` ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի, Իսրայելի և այլ երկրների հայությունը, բոլորն ապրելու են որպես մի միասնականություն, մի երկիր, այլ հարց է` կառավարման համակարգն ինչպիսին է:
Մանուչարյանը նշում է, որ ինքն արդեն նայել է համակարգերի որոշ մշակումներ` տնտեսությունն ինչպիսին պիտի լինի, մշակույթը, գիտությունը, կրթությունը, և կարծում է, որ դրա շնորհիվ այսօրվա վիճակից հսկայական թռիչք ենք ապրելու: Բանախոսը, սակայն, դժվարացավ նշել` Թուրքիայից արձագանք կլինի՞, թե՞ ոչ:
«Թուրքիան ևս Հայաստանի նման մի երկիր է, որին շատ բաներ ինչպես ասում են, այնպես էլ լինում է, իսկ եթե մի քիչ գռմռում է, ապա գլխին տալիս են և նորից հարկադրում անել ինչ որ պետք է, ինչպես որ գլխին տվեցին և հարկադրեցին` Քեսաբ մտնի:
Թուրքիայի դիրքորոշման մեջ առայժմ փոփոխություններ չկան, այդ փոփոխությունների ուղղությամբ աշխատում են տարբեր ուժեր, օրինակ` «Էրգենեկոնը»` նրա մի ինտելեկտուալ թևը, հիմա սկսել է հրապարակել երիտթուրքերի փաստաթղթերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղից բխում է, որ հարց չի մնում»,- ասաց նա:
Մանուչարյանը նկատեց` թվում է, թե անհասկանալի է` «Էրգենեկոնը» Թուրքիայի ծպտյալ նախկին կառավարությունն է, պարզ չէ` ով է այդ ամենն անում, ինչու են անում, ինչի են բերում: Նրա կարծիքով` Թուրքիան բերում են մի ինչ-որ նոր վիճակի:
Նա անդրադարձավ նաև Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջինը շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Մանուչարյանը նշեց, որ չի կարծում, թե սա Հայաստանի ինքնուրույն որոշումն էր:
«Ես կարծում եմ, որ Հայաստանն ինքնուրույն որոշումներ ընդհանրապես չի կայացնում: Սա նշանակում է, որ ազդեցությունների հավասարակշռությունը այս կամ այն կողմից է եղել: Ես, ցավոք սրտի, չեմ կարող Ուկրաինայի ժողովրդին շնորհավորել այդ ընտրության կապակցությամբ, որովհետև օլիգարխին իշխանություն թույլ տալը… օլիգարխը պարտադիր դավաճան է, նա չի կարող ուրիշ բան լինել»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ մինչ այժմ հույս ուներ, թե գոնե այդ հարցում ճակատագիրը ավելի բարեհաճ կգտնվի Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, որովհետև համոզված է՝ Կիևում մաքրագույն մարդիկ էին ոտքի կանգնել, և նրանց երազածը սա չէր: «Ղարաբաղ» կոմիտեի անդամն ընդգծում է՝ սա ցույց է տալիս նաև աշխարհի դաժանությունը, որովհետև այդ գործընթացների տնօրինումը շատ արագ աշխարհն էր վերցրել և հարմարեցրել իր նպատակներին:
Այդուհանդերձ, Մանուչարյանը դժվարացավ նշել, թե ով է կանգնած այս ամենի հետևում: «Ես դժվարանում եմ ասել, թե այստեղ ինչ կա, ով՝ ինչպես. հազար ու մի ստորգետնյա բան կարող է լինել, ուստի չեմ ուզում հիմա էսպես կռահել, որովհետև ընթացքում պարզ կդառնա՝ ինչն էր իրական պատճառը, ինչը ինչի բերեց: Հիմա հսկայական քանակով այդպիսի քայլեր են կատարվում, և աշխարհն էլ շատ խորամանկ է. այս ամենը կարող է լինել մեկնումեկի խորամանկությունը՝ սկսած Ռուսաստանից»,- ասաց նա:












































