Գլենդելի բնակիչը լուսանկարների փոխանակման Instagram սոցցանցում բացել է @visitglendale օգտահաշիվը, որում տեղադրել է լուսանկարներ Գլենդելի փողոցներում իր տեսած «աղբային տեսարաններից»: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Օգտատերը մտադիր է այդ կերպ հասնել իր հարևանությամբ կուտակված անպետք իրերի (թախտեր, առևտրային սայլեր, կոտրված հեռուստացույցներ և այլն) հարցի լուծման:
Էջի հեղինակը ծրագրային մշակող Թոմ Սմիթն է: Նրան հարցը սկսել է անհանգստացնել ամեն օր՝ աշխատանքի գնալու ճանապարհին: Նրա նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև առաջին հերթին բնակիչներին:
Բնակիչներին կոչ է արվում մաքուր պահել տարածքները, մեծաքանակ աղբահանության համար զանգահարել խոշոր կենցաղային ապրանքների աղբահավաք ծառայություն, որը չի պարեկում քաղաքի փողոցներով: Հաղորդվում է, որ անցած ֆիսկալ տարում ծառայությունը 31 հազար ապրանք է հավաքել:
Սմիթի Instagram-ի լուսանկարները խիստ հակասում են Գլենդելի պաշտոնական քաղաքային օգտահաշվին՝ @myglendale-ին, որում քաղաքը ներկայացված է դրական լուսանկարներով:








































