Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները՝ չնայած դրանց լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը Դոնի Ռոստովում տարածած նրա հայտարարության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Տեղի ունեցան Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները: Անկախ նրանից, թե որ շրջանում բնակչության որ տոկոսն է քվեարկել՝ ինչ ընտրություն եք արել դուք, ես մեր հայրենիքի համար ամենադժվար ժամանակ արված այդ ընտրությունը հարգում եմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Յանուկովիչն ընդգծել է, որ ընտրությունների և հենց Ուկրաինայի նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հրավ-արևելքում շրջանների մասնակցությունը, որի բնկաիչները, նրա խոսքով, «վիրավորված ու ստորացված են ոչ լեգիտիմ իշխանության գործողություններով»:
Յանուկովիչի խոսքով՝ Ուկրաինայի նոր իշխանությունների գլխավոր առաջադրանքը պետք է լինի իրավիճակի կայունացումը:
«Հիմա առաջինն ու գլխավորը, որ պետք է անել, հենց հիմա և անհապաղ, սեփական ժողովրդի դեմ արյունահեղ պատերազմը դադարեցնելն է: Զորքերը դուրս բերել Դոնբասից և Ուկրաինայի հարավ-արևելքից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Ուկրաինայի ԿԸՀ տվյալների՝ նախագահական ընտրություններում հաղթում է Պյոտր Պորոշենկոն՝ 53,72% քվե: Ներկայումս մշակվել է քվեաթերթիկների 60,15%-ը:











































