Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության պայմանագիրը վերանայման կարիք ունի՝ կապված Չինաստանի և նրա նավատորմի աճող ակտիվության հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Պաշտպանության նախարար Սատոսի Մորիմոտոն:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախարարը բացատրել է, որ անվտանգության առկա պայմանագիրը հաշվի է առել Կորեական թերակղզում բարդ իրավիճակը: «Սակայն հիմա անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Արևելյան Ասիայում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, այլև դեպի ծով Չինաստանի դուրս գալու խնդիրը: Անհրաժեշտ է վերանայել պայմանագիրը՝ հաշվի առնելով անվտանգության երաշխիքների ոլորտում ռիսկերի որակական փոփոխությունները»,- հայտարարել է նախարարը:
Մորիմոտոն բացատրել է, որ Ճապոնիան մտադիր է դեռ մինչև այս տարվա վերջ սկսել պայմանագրում փոփոխությունների վերաբերյալ բանակցությունները՝ կապված վերջին շրջանում Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիների շրջանում չինական նավերի ակտիվացմամբ:
Այսօր կրկին ճապոնական կողմը վիճելի կղզիների շրջանում Չինաստանի պարեկային նավեր է նկատել: Վերջին 3 շաբաթներին Չինաստանի նավերը այդ շրջանում հայտնվում են ամեն օր:
Երեկ Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն երկրի Կոմկուսի համագումարի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում երկրի շահերի պաշտպանության համար Չինաստանը ծովային գերտերություն դարձնելը:










































