Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր կողմից ստեղծվելիք կուսակցությունն անվանվելու է «Գործարար»: Նա հավելեց, որ կուսակցության անդամներ լինելու են մանր բիզնեսով զբաղվող գործարարները:
– Պարոն Հայրապետյան, Ձեր կողմից ստեղծվելիք կուսակցության «շինարարական աշխատանքներն» ի՞նչ փուլում են գտնվում: Ի վերջո, այն ինչ ուղղվածություն է ունենալու:
– Ես ուզում եմ ստեղծել մանր և միջին բիզնեսմենների համար հավաքատեղի, որի անունն է կուսակցություն: Այսինքն` նրանք այն մարդիկ են, որոնք ոչ մի անգամ ոչ մի քաղաքական պայքարի մեջ չեն եղել, որոնք կընդգրկվեն մեր կուսակցության մեջ:
– Բայց եթե կուսակցություն է կոչվում, ուրեմն արդեն քաղաքականությամբ պետք է զբաղվի, եթե նպատակ ունեք քաղաքականությունից հեռու մնալ, այդ դեպքում ինչո՞ւ եք կուսակցություն ձևավորում:
– Գիտեք ինչ, արդեն մեկ ամիս է` ես հանդիպումներ եմ ունենում, եղել է առաջարկ, որ եկեք կուսակցություն չկոչենք: Ինձ համար մեկ է, միգուցե և չանենք, կուսակցություն չկոչվի մեր միավորումը: Ուղղակի հետագայում պետք է կուսակցությունը ռոտացիոն կարգով ղեկավարվի: Այսինքն`մի տարի կլինեմ ես, էն մյուս տարի կլինի մյուսը և այլն: Ու հիմա մենք տեսնում ենք, որ մասնակիցներից ոչ մեկը հետագայում պատգամավոր կամ մեկ այլ բան չի դառնա, ուրիշ բան, երբ որ մենք միջնորդենք մեր կողմից, որ ինքը ներկայացնի մեզ:
– Իսկ Ձեր կուսակցությունում լինելու են հայտնի գործարարներ, օրինակ` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ոուբեն Հայրւսպետյանը:
– Ոչ մի բիզնեսմեն, գործարար չի լինելու: Մեր գործարարները, ասենք, Աժ-ում կամ կառավարությունում չեն լինելու: Իրենք խոշոր բիզնեսմեններ են, ես դրա համար հատուկ շեշտեցի, որ մերն ավելի միջին և մանր բիզնեսմեններն են լինելու:
– Ովքե՞ր կկարողանան ընդգրկվել Ձեր կուսակցության շարքերը, ինչ նախապայմաններ են պետք դրա համար:
– Կուսակցությունում կան մանր և միջին բիզնեսով զբաղվողներ, ոչ մի անուն Ձեզ ոչինչ չի տա, բոլորը սրճարանի տերեր են, հացի փռի տերեր, փոքրիկ մարկետների տերեր, տարբեր… որոնք խոշոր չեն: Հիմա շատ ակտիվ քննարկումներ են ընթանում, ես կարծիք եմ արտահայտել, հիմա պետք է քննարկեն, բոլորի կարծիքը պետք է հաշվվի:
– Քանի՞ մարդ է հավաքվել Ձեր կուսակցությունում կամ «չկուսակցությունում», կա՞ կոնկրետ թիվ: Եվ ընդհանրապես, ովքե՞ր են ցանկանում դառնալ Ձեր կուսակցության անդամ:
– Այժմ զուտ հանդիպումներ են լինում: Կոնկրետ թիվ չեմ կարա ասեմ, բայց որ շատ-շատ են ցանկացողները, հաստատ է: Ու մենք նախընտրում ենք, որ նրանք բոլորը նախկինում եղած լինեն ոչ կուսակցական:







































