Վերջին տարիներին հասարակության մեջ բավականին աշխույժ քննարկումներ են ծավալվում սահմանադրականության շուրջ: Տպավորություն է, որ այսօր կուսակցությունները փորձում են այս գաղափարը շոշափել, անգամ՝ իրենց քաղաքականության մեջ օգտագործել: Նույնն է անում նաև ԲՀԿ-ն՝ առաջ քաշելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, փորձագետ Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ հայտարարությանը:
Ըստ Մ. Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության խնդիրը շատ բարդ է և կուսակցական համակարգի հետ ևս կապակցված է, ներկայիս վիճակն ինքնին մեծ պատնեշ է Հայաստանը սահմանադրական պետություն դարձնելու ճանապարհին։ Կուսակցություններն էլ, ըստ նրա, փորձում են ինչ-ինչ խնդիրներ բարձրացնել՝ կարծելով, որ իրենք մեղք չունեն ձևավորված իրավիճակում:
«Իսկ թե ամեն մեկն ինչ նպատակ է հետապնդում, կարծում եմ, որ նոր բան չկա: Անընդհատ հարց է բարձրացվում, թե ինչու են կուսակցություններն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ լռում, որևէ մեկը ոչ մի պատասխան չի տալիս՝ կապված իրենց մասնակցության հետ գալիք ընտություններում: Մի երկու կուսակցություն են հայտնել իրենց մասնակցության մասին, այսինքն՝ այս խնդիրը կա. թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցությունները ոչ մի կերպ չեն նպաստում այս անորոշ իրավիճակի հստակեցմանը: ԲՀԿ-ն հանդիպումներ պետք է ունենա բնակիչների հետ, մի երկու ամիս էլ կձգեն, ինչ որ գաղափարներ մեջտեղ կհանեն՝ ստեղծված իրավիճակն ինչ–որ կերպ փակելու համար»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ այս կերպ այս կուսակցությունն աշխուժացում կմտցնի իր կյանքում, որպեսզի նաև հասարակությունը ձեռք քաշի իրենցից գալիք նախագահական ընտրությունների մասնակցության հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նա նաև ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու այս գաղափարի շուրջ:










































