CNN Turk-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը խոսել է թուրք-ադրբեջանական տարաձայնություններից.
«Սկսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Թուրքիան մեծ սխալ է գործել, քանի որ նախապես դա չի համաձայնեցրել Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված լիներ այդ գործընթացի սկսման մասին, ապա այն կարող էր ընթանալ այլ ուղղությամբ: Բացի այդ, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները փակուղու առջև կանգնեցրին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
Ղարաբաղի հարցում չպետք է ակնկալիքներ տածել, թե շուտով որևէ առաջխաղացում կգրանցվի: Դա վերաբերում է թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածին, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածին:
Ղարաբաղյան հակամարտության չլուծված մնալու գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանը շեշտը դնում է իր կազմում Ղարաբաղի վերաինտեգրման վրա, մինչդեռ Հայաստանը պահանջում է Ղարաբաղի առանձնացումն Ադրբեջանից: Դրա համար էլ չպետք է սպասել, որ այդպիսի իրավիճակում ընթացող բանակցությունները շուտափույթ և բարեհաջող ավարտ կունենան»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը գրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու պատճառը հենց թուրքական կողմն է. «Դժբախտաբար, մենք չկարողացանք հասնել խնդրի կարգավորմանը: Ինչքան էլ փորձեն խնդրի կարգավորման անլուծելիությունը բարդել Երևանի վրա, միևնույն է ողջ պատասխանատվությունն ընկնում է մեր ուսերին, քանի որ մեր ղեկավարությունը չկարողացավ ադրբեջանական իշխանություններին լավ բացատրել, թե ինչն ինչոց է, և խոնարհվեց Բաքվի հակազդեցության առջև: Արդյունքում, մեր անընդունակության պատճառով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մնաց կես ճանապարհին »: