«Ստորությունը և սուտը չեն անցնելու»,- կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ստորությունը և սուտը չեն անցնելու»,- կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչդեռ որոշ ՀՀԿ-ականներ «սև PR» և «լրագրողների մտքի թռիչք» որակեցին ՀՀԿ շենքի շինարարական աշխատանքների ժամանակ շինարարի մահվան մասին տեղեկությունը: Իսկ ՀՀ ոստիկանությունը շտապեց հայտարարել, թե «27-ամյա Դավիթ Գևորգյանը մահացել է ոչ թե Հանրապետական կուսակցության շենքի, այլ այդ շենքին կից իրականացվող մեկ այլ շենքի շինաշխատանքների ժամանակ, որն ընդհանրապես կապ չունի ՀՀԿ հետ»: Երեկ պարզեցինք, որ ՀՀԿ գրասենյակի տանիքի աշխատանքներն իրականացնում է «ԱՃՕ» շինարարական ընկերությունը, որի աշխատակիցն էլ եղել է մահացած Դավիթ Գևորգյանը: «ԱՃՕ» շինարարական ընկերության շինարարության պատասխանատու Ռուբեն Կարսյանը մեզ հետ հեռախոսազրույցում չթաքցրեց, որ դեպքը եղել է հենց ՀՀԿ շենքի տանիքում: Ներկայացնում ենք նրա հետ «Առաջին լրատվական»-ի զրույցը:
– Միջադեպը Ձեր ընկերության աշխատակցի հե՞տ է պատահել և ե՞րբ է եղել:
– Այո՛: Ամսաթիվը կոնկրետ չեմ հիշում:
– Ձեր ընկերությունն աշխատել է Հանրապետական կուսակցությա՞ն շենքի տանիքի վրա:
– Մեր ընկերությունը տանիքի վրա չի աշխատել, տանիքի վերանորոգմամբ է զբաղվել:
– Եվ Դավիթ Գևորգյանը տանիքի՞ց է ընկել:
– Այո՛, տանիքից է ընկել:
– Իսկ դա Հանրապետական կուսակցության նո՞ր շենքի հատվածում էր, թե՞ հին մասնաշենքի հատվածում է եղել:
– Հին շենքի հատվածում: Տանիքից ոտքը սայթաքել, վայր է ընկել, մոտ 5-6 օր ապրեց, հետո մահացավ:
– Դեպքի հանգամանքները պարզվե՞լ են, նման աշխատանքներ տարվե՞լ են:
– Քննություն է այս պահին գնում, և ես չգիտեմ: Դեպքի հանգամանքները, բնականաբար, գիտեմ, բայց քննության հետ կապված պատասխանել չեմ կարող, չգիտեմ:
– Իսկ Դուք վաղո՞ւց եք աշխատում ՀՀԿ շենքի վրա:
– Բավականին երկար, մի քանի ամիս: Համարյա վերջացնում ենք հիմա:
– Ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն որոշակի փոխհատուցում է տվել Դավիթի թաղման ծախսերի հետ կապված:
– Հանրապետական կուսակցությո՞ւնը: Ես չգիտեմ՝ ՀՀԿ-ն ինչ է արել, որովհետև ՀՀԿ-ի հետ իր վայր ընկնելը կապ չուներ, ինքը ՀՀԿ աշխատակից չի եղել: Հիվանդանոցից սկսած բոլոր ծախսերն արել է մեր ընկերության տնօրենը:
– Ճի՞շտ է, որ Ձեզ հրահանգված է եղել դեպքի մասին որևէ տեղ, որևէ մեկի հետ չխոսել, որևէ բան չասել:
– Դա աբսուրդ ա: Ո՞ւմ են եկել հարցրել, որ ասեն, հարցրել են, չե՞նք պատասխանել:
– Դե էնպես են արել, որ որևէ մեկը չի իմացել դեպքի մասին, կոծկել են:
– Ոնց կարող է կոծկեն: Հենց առաջին օրից դեպքը եղել է քննչականում, մեր տղաներն են իրեն շտապօգնությունով հասցրել հիվանդանոց: 2 օր մեր բոլոր տղաները հիվանդանոցում են եղել:
– Խոսքը հանրապետականների մասին է, որոնք այսօր էլ հերքում են, ասում են՝ դա սև PR է ՀՀԿ-ի դեմ, լրագրողների մտքի թռիչքն է, նման բան չի եղել: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ինչը որ եղել է, դա եղել է:
– Օրինակ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ դա եղել է ոչ թե ՀՀԿ շենքի տանիքին, այլ կից շինության տանիքին:
– …Ես չեմ կարողանում հասկանալ Ձեր հարցերի իմաստը: Ես չգիտեմ՝ Ձեզ ոստիկանությունն ինչ է ասել, դատախազությունն ինչ է ասել: Խնդրում եմ այդ հարցերով իրենց դիմեք, թող իրենք պատասխանեն:








































